ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Խոսքը հեղինակավոր գիտնականների մասին է. նրանց բերած օգուտը կարող է շատ ավելին լինել, քան ստացած մրցանակը»

«Խոսքը հեղինակավոր գիտնականների մասին է. նրանց բերած  օգուտը կարող է շատ ավելին լինել, քան ստացած մրցանակը»
19.09.2014 | 12:01

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի 2014 թվականի մրցանակակիրներն են Ֆելիքս Ահարոնյանը (Իռլանդիա և Գերմանիա), Իգոր Կարաչենցևը (Ռուսաստան) և Բրենթ Թալին (ԱՄՆ):
Մրցանակը սահմանել է ՀՀ նախագահը, 2010-ից այն շնորհվում է աստղագիտության բնագավառում կատարած մեծ նվաճումների համար: Համարվում է աշխարհի խոշորագույն գիտական մրցանակներից մեկը: Մրցանակային ֆոնդը 500 հազար ԱՄՆ դոլար է:
Ինչպիսի՞ն է մրցույթի ընթացակարգը: Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ տեղեկացմամբ` գործում է անվանի աստղագետներից և ֆիզիկոսներից կազմված միջազգային հեղինակավոր հանձնաժողով, որի կազմում է նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Մրցանակին կարող են ներկայացվել առանձին գիտնականներ կամ գիտական խմբեր` բաղկացած ոչ ավելի, քան 3 գիտնականներից: Եթե մեկ գիտնականի աշխատանք է առանձնանում, կարող են մրցանակը շնորհել մեկին, կամ ոչ ոքի, եթե արժանի աշխատանք չներկայացվի:
Հարց է առաջանում` ի՞նչ է տալիս հայ աստղագետներին սույն մրցանակը, եթե հիմնական հաղթողները արտասահմանից են, մինչդեռ այդ գումարը կարելի էր հատկացնել հայրենի գիտությանը:
Արեգ Միքայելյանը չժխտեց, որ գիտնականների շրջանում նման բողոքներ լինում են, բայց հիշեցրեց, որ միշտ էլ պատասխանը եղել է այն, որ այդ գումարը ընդհանրապես գիտության համար չի սահմանված, այլ կոնկրետ մրցանակի. «Ո՞րն է նպատակը. նպաստում է երկրի հեղինակությանը, ճանաչմանը: Հաղթող գիտնականների հետ համագործակցության սկիզբ է դրվում, և մրցանակակիրները դառնում են հայ գիտության աջակիցներ: ՈՒ քանի որ խոսքը հեղինակավոր գիտնականների մասին է, նրանց բերած օգուտը կարող է շատ ավելին լինել, քան ստացած մրցանակը»,- ասաց Արեգ Միքայելյանը, նշելով, որ Համբարձումյանի անվան մրցանակը Հայաստանի միջազգային վարկանիշը կտրուկ բարձրացնում է: Նրա խոսքով` փաստ է, որ աշխարհում ճանաչելի կարող ենք դառնալ գիտության և մշակույթի շնորհիվ: Աշխարհում տարածքով 143-րդ երկիրն ենք, բնակչությամբ` 134-րդը, տնտեսությամբ` 125-րդը, և եթե կորցնենք մեր գիտությունն ու մշակույթը, ապա ոչնչով չենք տարբերվի աֆրիկյան որևէ հետամնաց երկրից:
Հավելենք, որ Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ` սեպտեմբերի 18-ին` գիտնականի ծննդյան օրը: 2009-ից այն Հայաստանում նշվում է նաև որպես Աստղագիտության օր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ